Ուսումնական նյութեր

Էշի ձուն

Հայ ժողովրդական հեքիաթ

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
— Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
— Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
— Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
— Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
— Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
— Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

Ուսումնական նյութեր

Մաս 1 Փեսացու մուկը

Փեսացումուկը
Մաս 1

                                                                                                       ԱթաբեկԽնկոյան

Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Սիայն հզոր։
Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
— Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛.
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
— Ես որտեղի
Հզորն եմ որ…
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես
Երկար-բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում, —
Արեգակը
Մկանն ասավ։

Մուկը վազեց
Ամպին հասավ.
Այ, հզոր ամպ,
Բարև, բարև.
Ու՞ր ես գնում
Վերև, վերև։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
-Ես որտեղի՞
Հզորն եմ որ…
Այ, քամին է
Ինձնից հզոր։
Որ բարկացավ,
Էլ գութ չունի,
Ուր ուզենա՝
Ինձ կտանի։
Նա ինձ կանի
Փաթիլ-փաթիլ,
Ու կքամի
Կաթիլ-կաթիլ։

Մուկը վազեց
Հասավ քամուն.
-Քամի՛, ասավ,
Հզոր ես դուն։
Ամպին կանես
Փաթիլ-փաթիլ
Ու կքամես
Կաթիլ-կաթիլ։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
— Ե՞ս եմ հզոր…
Երանի՜ քեզ.
Չէ՛, չէ՛, մկնիկ,
Դու խաբվել ես։
Զորեղ տեսնես
Դու սև գոմշին,
Կուզեմ պոկեմ,
Բերեմ կաշին,
Բայց որտեղի՞ց…
Ինչի՞ տեր եմ,
Որ ուզածս
Պոկեմ, բերեմ։

Մաս 2

Մուկը դիմեց
Գոմշին արտում՝
Լուծ քաշելիս,
Հոգնած, տրտում.
-Գոմե՛շ,-ասավ,-
Դու հզոր ես,
Ուժի տեր ես,
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
-Ե՞ս եմ հզոր
Եվ ուժի տե՞ր…
Որ էդպես է,
Բա էս անտեր
Գութանն ի՞նչ է
Ինձ չարչարում
Ու իմ ուսին
Ցավ պատճառում։
Գոմշին թողեց,
Վազեց գնաց.

-Հզոր գութան,-
Ասավ,- մի կաց…
Օրոր, շորոր
Արտ ես վարում,
Հողում խոր-խոր
Ակոս շարում,
Քանի՜- քանի՜
Լուծ ու լծկան
Ճիպոտի տակ
Քեզ քաշող կան։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
-Ուժիս գովքը
Այլ կերպ կտան.
Հզորն ո՞վ է,
Էն էլ գութա՞ն…
Որ հզոր եմ,
Ինչո՞ւ համար
Հողի միջին
Մութ ու խավար՝
Ինձնից ուժեղ
Արմատ ու սեզ
Ինձ ջարդում են
Ուզածի պես։

-Արմա՛տ, արմա՛տ,
Հզոր արմատ,-
Ասավ փեսա
Մուկը մի մատ։
Դու շատ զոռ ես,
Դու հզոր ես,
Հզոր գութան
Դու կկոտրես։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
-Արմատը՝ ո՞վ,
Հզորը՝ ո՞վ,
Վեր կաց գնա
Դու մկան քով,
Ա՛յ ձեր ցեղը
Շատ հզոր է,
Գետնի միջին
Բուն կփորե,
Կորոնե
Սեզ ու արմատ,
Կուտե, կուտե
Մեկ-մեկ, հատ-հատ։

Մուկը վազեց
Մկնուհու մոտ.
-Նանի՛ ,-ասավ,-
Մեր հին ծանոթ,
Ա՛յ, արմատը
Խոսքիս վկա,
Քեզնից հզոր
Չկա՛, չկա՛,
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Շեկլիկ մազիկ,
Տո՛ւր ինձ՝ տանեմ.
Անեմ հարսիկ։
— Բարով, մկնի՛կ,
Բարով տեսա,
Ես քեզ զոքանչ,
Դու ինձ փեսա։
Իմ դստրիկս
Հեզիկ-նազիկ,
Շեկլիկ-մեկլիկ
Շեկլիկ մազիկ,
Կտամ ես քեզ,
Արա հարսիկ։

Մուկը մկան
Առավ փեսա.
էս աշխարհի
Օրենքն է սա։

Ուսումնական նյութեր

Վատ ընկերը

ԱթաբեկԽնկոյան

Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տեսնելու,
Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել
Ասավ. – Արքա, ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,
Տես, չի եկել:

Ցավը թողած`արքան գոռաց,
Թե` հա թռեք, էն ըմբոստին
Մոտս բերեք:

Հինգ, վեց գազան ելան հասան,
Էն աղվեսին մի կերպ գտան,
Պատճառն ասին, բերին ատյան:
Արքան գոռաց.
— Ո՞ւր ես, մեռած…
— Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.
— Տեր վեհափառ, խնդիրս առ,
Որ լսեցի` դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա էստեղ, հա էնտեղ,
Վերջը գտա ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը` շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ, կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը, անցավ դողը
Մեջտեղ գնաց զրպարտողը: