Ուսումնական նյութեր

Թեժառույքի վանք

Հրազդան քաղաքից քիչ հեռու, Մեղրաձոր գյուղում, Մարմարիկ գետի աջ ափին բարձրացող անտառապատ լեռան վրա տարածվող մի բացատում է գտնվում Թեժառույքի եկեղեցին կամ Տրդատավանքը: Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմաց` Ծաղկունյաց լեռնաշղթայի մի անտառապատ հրվանդանի գագաթին` 2000մ բարձրության վրա: Այն կառուցվել է 1190թ. Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք: Եկեղեցին կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը: Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել: Պարսպից պահպանվել է մի փոքր հատված միայն: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ: Գերեզմանոցը նույնպես ավերված է: Անվան բաղադրիչները թեժ և առու արմատներն են, քանի որ վանական համալիրը կառուցվել է Մարմարիկ և Մեղրաձոր գետերի թեժ, արագահոս հատվածում: Տարածքի անվանումը գալիս է անտիկ ժամանակներից, շարունակվել է մինչև 17-րդ դար, դրանից հետո Թեժառույքում բնակություն են հաստատել թուրք-կարակալպակները, որոնք էլ նոր բնակավայրին տվել են Թայչարուխ անվանումը` թայ-զույգ և չայ-գետ բառերի բառաբարդումից կազմված, ասել է թե՝ երկու գետերի արանքում տարածված բնակավայր և համանուն վանական համալիր: Թեժառույքը Հայստանում պահպանված եզակի կառույցներից է, քանզի այն քաղկեդոնական եկեղեցի է և ունի հարուստ վրացերեն արձանագրություններ: