Ուսումնական նյութեր

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Թո՛ղ գնամ շրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Ու գնաց, երկար թափառեց տղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
«Գտա՞ր, զավա՛կս», հարցրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ուսումնական նյութեր

Ինչու՞ է երկինքը կապույտ

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝  երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն,  ճիշտ ժամանակն է իմանալու․ ինչո՞ւ է երկինքը կապույտ։

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ,  մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր  երանգներ է  ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն․․․

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։

Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիճում է լուսնին՝ երկինքը սև  է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։