Ուսումնական նյութեր

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։

Ուսումնական նյութեր

Թեժառույքի վանք

Հրազդան քաղաքից քիչ հեռու, Մեղրաձոր գյուղում, Մարմարիկ գետի աջ ափին բարձրացող անտառապատ լեռան վրա տարածվող մի բացատում է գտնվում Թեժառույքի եկեղեցին կամ Տրդատավանքը: Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմաց` Ծաղկունյաց լեռնաշղթայի մի անտառապատ հրվանդանի գագաթին` 2000մ բարձրության վրա: Այն կառուցվել է 1190թ. Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք: Եկեղեցին կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը: Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել: Պարսպից պահպանվել է մի փոքր հատված միայն: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ: Գերեզմանոցը նույնպես ավերված է: Անվան բաղադրիչները թեժ և առու արմատներն են, քանի որ վանական համալիրը կառուցվել է Մարմարիկ և Մեղրաձոր գետերի թեժ, արագահոս հատվածում: Տարածքի անվանումը գալիս է անտիկ ժամանակներից, շարունակվել է մինչև 17-րդ դար, դրանից հետո Թեժառույքում բնակություն են հաստատել թուրք-կարակալպակները, որոնք էլ նոր բնակավայրին տվել են Թայչարուխ անվանումը` թայ-զույգ և չայ-գետ բառերի բառաբարդումից կազմված, ասել է թե՝ երկու գետերի արանքում տարածված բնակավայր և համանուն վանական համալիր: Թեժառույքը Հայստանում պահպանված եզակի կառույցներից է, քանզի այն քաղկեդոնական եկեղեցի է և ունի հարուստ վրացերեն արձանագրություններ:

Ուսումնական նյութեր

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Թո՛ղ գնամ շրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Ու գնաց, երկար թափառեց տղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
«Գտա՞ր, զավա՛կս», հարցրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ուսումնական նյութեր

Ինչու՞ է երկինքը կապույտ

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝  երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն,  ճիշտ ժամանակն է իմանալու․ ինչո՞ւ է երկինքը կապույտ։

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ,  մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր  երանգներ է  ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն․․․

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։

Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիճում է լուսնին՝ երկինքը սև  է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։

Մայրենի

Ի՞նչ են ուտում թռչունները (տեղեկատվական նյութ)

Կարո՞ղ ես պատկերացնել, որ թռչուններն ուտում են ամեն ինչ, նույնիսկ՝ քար:

Մի մեծ թռչունի ստամոքսում մի անգամ գտել են մեխեր, մանրադրամ, բանալիներ, կոճակներ…չորս կիլոգրամ քաշով, պատկերացնո՞ւմ ես:

Միջատակեր թռչունները միջատ են ուտում:

Հատիկակեր թռչունները հատիկ են կտցում, ձկնակերները՝ ձուկ են որսում: Թռչունները նաև մկներ ու օձեր են բռնում:

Կան թռչուններ, որոնք ծաղկահյութ են խմում, իսկ փայտփորիկը հիվանդ ծառերի փայտանյութով է սնվում:

Գառնանգղը ոսկորներ է կուլ տալիս: Նա մեծ ոսկորները վերևից ցած է գցում, հետո այդ փշրված ոսկորները ուտում է:

Ժամանակ առ ժամանակ թռչունները բերանից դուրս են նետում կերի ավելցուկները՝ բրդի, փետուրների, ոսկորների մնացորդները:

Ուսումնական նյութեր

Կաքավ (տեղեկատվական նյութ)

 Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 — 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:

Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:

Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում:

Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 -25  ձու է ածում, թուխս նստում: 23 – 25  օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը  ինքնուրույն են ապրում:

Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:

Ուսումնական նյութեր

Իսկ դուք գիտեի՞ք, որ բանկոմատը ստեղծել է մեր հայրենակիցը

1939 թվականին Սիմջյանի մոտ ծնվեց կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի (անգլերեն՝ Automated Teller Machine— ATM) ստեղծման գաղափարը։ Ի հեճուկս բանկերի թերահավատության նա մինչև 1960 թվականը գրանցում է 20 արտոնագիր՝ կատարելագործելով սարքը՝ հիմք ստեղծելով այսօրվա բանկոմատների համար։ Վերջապես, 1960 թվականին նա պայմանագիր կնքեց Նյու Յորքի City Bank-ի (այսօր՝ Citibank) իր սարքը վեց ամիս ժամկետով փորձնական շահագործելու վերաբերյալ։ Սակայն վեց ամիս անց պայմանագիրը խզվեց, քանի որ այն ժամանակ սարքն այսօրվա պես պահանջարկ չուներ։ Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ՝ 1965 թվականին՝ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը։